Ղարաբաղյան շարժման երեսնամյակին: Հատված Ա


 «Նման հարցերը սեսիայով չեն լուծվում» կամ թուղթն ու իրականությունը


 «Նման հարցերը սեսիայով չեն լուծվում» կամ թուղթն ու իրականությունը

Երբ նախանցած տարի աշխատում էի Ղարաբաղյան շարժմանը նվիրված Hambardzum.am կայքի նյութերի հետ, Համբարձում Գալստյանի հուշերում հանդիպեցի մի հատվածի, որը մեխվեց հիշողությանս մեջ: Այս հատվածում հուշագիրը պատմում է, թե ինչպես ինքն ու նոր ծավալվող Ղարաբաղյան շարժման մի քանի ներկայացուցիչներ 1988-ի փետրվարի 22-ին, հանրահավաքի անունից հանդիպում են ունենում այն ժամանակվա Սովետական Հայաստանի ղեկավարության հետ՝ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ: Խոսակցության ընթացքում, Դեմիրճյանն ուղղում է Գալստյանին հետեւյալ հարցը՝ «դուք պատմաբան եք, եւ չե՞ք հասկանում, որ նման հարցերը սեսիայով չեն լուծվում» (այն ժամանակ հանրահավաքի գլխավոր պահանջը Հայաստանի ԳԽ սեսիան էր, որը պետք է քննարկեր Լեռնային Ղարաբաղի դիմումը Հայաստանի կազմ մտնելու մասին):
«Ընկեր Դեմիրճյանը մի հարց տվեց, որի ժամանակ, առանց իսկ պատասխանս լսելու, ներկա քարացած բյուրոյականները քմծիծաղ տվեցին: Հարցի էությունը հանգում էր նրան, թե ինչպես է, որ պատմաբան լինելով հանդերձ չեմ հասկանում, որ նման հարցերը նստաշրջանով չեն լուծվում: Սա էլ անմռունչ կուլ տվեցի և ընդամենը ասացի, որ եկել եմ միտինգավորների անունից, ու մարդիկ ցանկանում են Մոսկվայի ներկայացուցիչներից իմանալ, թե երկրի ղեկավարությունն ինչ է մտածում Ղարաբաղի վերաբերյալ: Հանրապետության ղեկավարը ժպտալով էլի ինչ-որ բաներ ասաց, որից հետո տեղեկացրեց, որ իրենք առարկություն չունեն, որ դրսի ժողովրդից մի քանի հոգի հանդիպեն քաղբյուրոյի ներկայացուցիչների հետ ու իրենց ասածն ասեն: Այդ պահից ես ու ընկեր Դեմիրճյանը դարձանք դաշնակիցներ, ու նա ինձ մի քանի խորհուրդ տվեց, թե ում ընտրենք ու ոնց խոսենք: Տեսակցությունը սրանով ավարտվեց, և դուրս եկա: Ճանապարհին մի երիտասարդ էր ինձ ուղեկցում, որն անընդհատ իր հիացմունքն էր արտահայտում իմ պահվածքի վերաբերյալ և խնդրում էր, որ «ռուսների» հետ էլ նույն համարձակությամբ խոսենք: Իմ դարդն ուրիշ էր, ինձ խորապես նվաստացած ու վիրավորված էի զգում և ոչ մի կերպ չէի կարողանում ինձ ներել խոնարհ ու հնազանդ պահվածքիս համար» (բոլոր ընդգծումներն իմն են՝ Հ.Տ-Ա)
Տեսնում ենք, որ հատվածում հակադրված է մի կողմից Դեմիրճյանի հարցը ու հուշերի հեղինակ՝ Համբարձում Գալստյանի՝ իր իսկ խոսքերով «խոնարհ պահվածքը»՝ հարցին փաստացի պատասխանել չկարողանալը: Որքան էլ հուշերի հեղինակն ազնիվ է եւ համեստ (հանգիստ կարող էր ինքն իրեն վերագրել մի խրոխտ ու սրամիտ պատասխան), եւ որքան էլ ինչ որ մեկը հիմա գուցե մտածում է, թե «այ ե՛ս լինեի, պորտը տեղն էի դնելու», բայց խնդիրն այս հատվածում անձնական որակները չեն: Այստեղ ի դեմս հուշերի հեղինակի պետք է տեսնենք ոչ միայն իրեն, այլ պահանջատեր ժողովորդին, որին նա ներկայացնում է, Ղարաբաղյան Շարժման սկզբանական փուլն ընդհանրապես, որը դեռ չունի կարեւոր հարցերի պատասխաններ, բայց ունի կամք՝ իր պահանջները ձեւակերպելու եւ ներկայացնելու:
Հարցադրումը, որը ձեւակերպում է այստեղ Կարեն Դեմիրճյանը չի էլ կարող ունենալ կարճ, արագ եւ հեշտ պատասխան, հենց դրա համար էլ ներկա բյուրոյականները «քմծիծաղ են տալիս», իսկ Դեմիրճյանը հասկանալով իր հաղթական դիրքը խոսակցության մեջ այս հարցադրումից հետո, մեղմվում է եւ «դառնում է դաշնակից»: Այս հակադրության մեջ, ակնհայտորեն ավելի ուժեղ են առաջինի՝ ղեկավարության, եւ թույլ են՝ երկրորդի՝ ժողովորդի եւ նրա ներկայացուցչի դիրքերը:
Գիտենք, սակայն, որ դեպքերի հետագա ընթացքը բացահայտում է հակառակ պատկերը՝ Ղարաբաղյան Շարժումը ծավալվում է եւ հասնում է հաջողության, այսինքն՝ նա, ով սկզբում չունի պարզ հարցի պատասխան, գործնականում ավելի ճիշտ է դուրս գալիս, քան նա, ով ձեւակերպում է տրամաբանական հարց, որն անպատասխան է մնում: Այսինքն՝ կողմերը փոխվում են դիրքերով՝ սկզբում ուժեղ թվացողի դիրքը թուլանում է, եւ հակառակը՝ թույլինն ուժեղանում: Բացի այդ, թվում է, որ այստեղ հակադրված են նաեւ տրամաբանությունն ու իրականությունը: Տրամաբանորեն ավելի ճիշտ է թվում Դեմիրճյանի ձեւակերպումը, սակայն, գործնականում ավելի ճիշտ է դուրս գալիս ժողովրդի «խոնարհությունը»: Այս հակասությունները պետք է լուծում ստանան, եթե ուզում ենք մի օր իրական դասեր քաղել այսօրվա համար մեր ոչ վաղ անցյալից:

Հուշ երեկո, թե՞ արդիական խնդիր

Իրոք, այստեղ խնդիրը շատ ավելի լայն է եւ ընդհանուր, քան միայն 1988-ի փետրվարյան իրականությունը՝ ինչպե՞ս է ընդհանրապես հնարավոր, որ մի քաղաքական պայքար հաջողության է հասնում՝ հակառակ դրա դեմ ներկայացված քաղաքական համոզիչ փաստարկի (տե՛ս վերլուծությունը ստորեւ) եւ հակառակ նրան, որ այդ փաստարկի դեմ շարժումը իր սկզբնավորման պահին չունի հստակ պատասխան: Կա եւ ավելի նուրբ եւ բարդ հարց՝ իսկ արդյո՞ք ապացուցված է, որ Ղարաբաղյան Շարժումը հասել է իր նպատակին, եւ Կարեն Դեմիրճյանի հարցն այսօր վերջնականապես կորցրել է իր արդիականությունը, սոսկ անցյալի հուշ է: Ո՞րն է քաղաքական շարժման հաջողության չափանիշը: Միգուցե երկուսի բանավեճը կարող է վերջնականապես ավարտված համարվել միայն այն պահին, երբ համարենք, որ 88-ին բարձրացված՝ Ղարաբաղի խնդիրն իր վերջնական լուծումն է ստացել, իսկ նույն Ղարաբաղյան Շարժման արդյունքում ձեւավորված անկախ Հայաստանն ապացուցել է իր կենսունակությունը: Արդյո՞ք ընդհանրապես ավարտվել է Ղարաբաղյան Շարժումը կամ մեր պատմության այն փուլը, որը սկսվել է 1988-ի փետրվարին:
Այլ կերպ ասած՝ արդյո՞ք Ղարաբաղյան Շարժման 30-ամյակը միայն «հուշ-երեկո» ոճի խոսակցությունների առիթ է, թե՞ նաեւ քաղաքական վերլուծության, իմաստավորման արդիական նյութ: Արդյո՞ք փորձը, որը վերապրվել է Շարժման ընթացքում, վերածվել է հստակ գիտակցության, թե՞ ավելի ճիշտ է հակառակը՝ ունենալով այդ եւ ընդհանրապես անկախ Հայաստանի հետագա տարիների մեր իսկ վերապրած փորձը, միեւնույնն է շարունակում ենք մեր իսկ իրականությունը դատել, քննել, գնահատել ոչ թե ըստ այդ՝ ներքին փորձից իմաստավորված գիտելիքի, այլ ըստ արտաքին, փոխառած, գրքային կամ էլ զուտ հուզական-միֆական «տրամաբանության»: Մեղմ ասած, կասկածներ կան, որ ճիշտ է երկրորդ տարբերակը, եւ վերլուծելով 30-ամյա վաղեմության անցյալը, մենք պետք է նկատի ունենանք հենց այդ խնդիրը՝ մե՛ր իսկ վերապրածը, մե՛ր իսկ փորձը, մե՛ր իսկ գործնականը պետք է մի օր համապատասխանեցվի մե՛ր գիտակցությանը, մե՛ր իմաստավորմանը, մե՛ր տեսությանը: Եվ միայն այդ դեպքում իրավունք կունենանք խոսել իրական անկախությունից, քանի որ անկախն ու ինքնիշխանը նա է, ով գործում է սեփական պատասխանատվությամբ եւ սեփական փորձից, ում բնազդը եւ գիտակցությունը համարժեք են իրար, այլ ոչ թե երկատված են եւ հակադրված, ինչպես մեզանում:
Սա խնդրի շատ նախնական եւ առայժմ վերացական ձեւակերպումն է: Ավելի հստակ հասկանալու համար պետք է չզլանանք մանրամասն վերլուծել Դեմիրճյանի եւ Գալստյանի խոսակցությունը որպես ինչ որ իմաստով արխետիպային զրույց, հիմնարար դիրքորոշումների բախում:
Նախապես պետք է շեշտենք, սակայն՝ այս խոսակցության մեջ պետք չէ հետադարձ «իմաստության» ուժով տեսնել երաշխավորված ճիշտ եւ երաշխավորված սխալ դիրքերի հակադրություն: Մեր նպատակը մեկին ճիշտ ու մյուսին սխալ հանելը չէ: Մեր նպատակը նախ՝ հասկանալն է, այլ ոչ թե գնահատականներ նշանակելն է դասագրքային պատմության դպրոցական մատյանում: Միայն հասկանալն է իրական արժեք տալիս պատմական եւ քաղաքական վերլուծությանը, այլ ոչ թե արդարացումն ու դատապարտումը, լավն ու վատը, ճիշտն ու սխալը:
Անցնենք այժմ դրվագի մանրամասն վերլուծության, եւ ձեւակերպենք այն առաջնային հարցադրումները, որոնք բխում են Կարեն Դեմիրճյանի ձեւակերպումից:

Հարցերի ձեւակերպում

Ի՞նչ է նշանակում՝ հարցերը չեն լուծվում սեսիայով,
Իսկ ինչպե՞ս են լուծվում հարցերը,
Ի՞նչու պատմաբանները պետք է դա իմանան
Ի՞նչ պետք է ընդհանրապես իմանան պատմաբանները
Ի՞նչ ավել բան կա Դեմիրճյանի հարցադրման մեջ, բացի ուղիղ ասվածից՝ ի՞նչպիսի ենթատեքստ, ակնարկ եւ այլ չասված, բայց ենթադրվելիք կա այստեղ:

Ուժն ու իրավունքը

Ի՞նչ է նշանակում՝ հարցերը չեն լուծվում սեսիայով: Դեմիրճյանի միտքն այստեղ բավականաչափ թափանցիկ է. «նման հարցերը չեն լուծվում սեսիայով» նշանակում է՝ չե՛ն լուծվում հռչակագրերով, թղթով, ընդհանրապես իրավական ձեւաչափով: Սեսիան այստեղ իրավականի հոմանիշն է (սինեկդոքե՝ մասն ամբողջի դիմաց):
Իսկ ինչպե՞ս են դրանք լուծվում: Դեմիրճյանի բուն խոսքի մեջ դա ասված չէ, բայց ինքնին ենթադրելի է, որ զուտ իրավունքով չլուծվող հարցերը, լուծվում են քաղաքականությամբ, այսինքն՝ ուժով, իրավունքի գործադրման կարողությամբ: Իրավականը՝ թուղթը, սեսիան, հռչակումն իմաստ ունեն միայն այն դեպքում, եթե դրանք կամ՝
ա. ձեւակերպում են արդեն փաստացի ձեռք բերվածը, այսինքն՝ ամփոփում են, ավարտում են գործողությունը, կամ՝
բ. նախորդում են գործողությանը, այնպես, որ իրավականորեն ձեւակերպողը վստահ է, որ ի զորու է իրագործել իր ձեւակերպումը, վստահ է, որ դա չի մնա միայն թղթի կտոր:
Տվյալ դեպքում դա նշանակում է, որ եթե նույնիսկ Հայաստանի ԳԽ սեսիան հավաքվի՝ համաձայն ժողովրդի պահանջի, եւ հռչակի Հայաստանի եւ Ղարաբաղի միացումը, ապա Հայաստանն իր վրա պետք է վերցնի նաեւ այդ որոշման իրագործման պատասխանատվությունը, այսինքն՝ կարողություն պետք է ունենա ուժով պարտադրելու իր որոշումը: Այլ կերպ ասած՝ առաջին հայացքից զուտ իրավական եւ խաղաղ-սահմանադրական սեսիայի պահանջն, այլ բան չէ, քան հարկ եղած դեպքում ուժային գործողության՝ «կռվի»՝ պայքարի՝ ընդհուպ մինչեւ պատերազմի պահանջ:  
Դեմիրճյանի հարցի մեջ, ուրեմն, առկա է նաեւ պատասխանը, որն ուղղակիորեն չի ասվում, բայց ինքնին պարզ է հարցադրման ձեւակերպումից: Եթե հարցերը չեն լուծվում սեսիայով, այսինքն՝ իրավունքով, ուրեմն դրանք լուծվում են քաղաքականությամբ, այսինքն՝ ուժով: (Հակառակ այսօր ընդունված «քաղաքական լուծում» ձեւակերպման իմաստի, քաղաքականը նշանակում է ուժային լուծում): Որեւէ իրավունք չի գործում, եթե ապահովված, հիմնավորված չէ բավականաչափ զորությամբ, եւ իրավունք հռչակողը, բայց այն իրագործել չկարողացողը վերածում է իր պահանջը ծաղրի:
Այս միտքը թվում է ինքին պարզ, եւ բազմիցս կրկնված այդ թվում հայերենով: Սակայն ոչ երեկ, ոչ էլ այսօր չկա վստահություն, որ հակառակ ձեւական պարզության, այն իրապես՝ բովանդակապես ընկալվել է մեր հանրային-քաղաքական գիտակցության կողմից ներքին թե արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում Ղարաբաղյան հարցի հետ կապված:

Ի՞նչ պետք է իմանան պատմաբանները

Իր միտքը հիմնավորելու համար, Դեմիրճյանը հղում է անում պատմագիտությանը՝ «պատմաբանները պետք է իմանան»: Ինչո՞ւ պատմաբանները պետք է իմանան, եւ ի՞նչ պետք է իմանան պատմաբանները: Այստեղ նույնպես պատասխանը թվում է բավականին թափանցիկ: Նախ՝ պատմաբանը պետք է սերտած լինի պատմական փորձը՝ համամարդկային եւ ազգային հիշողության շտեմարանը, որը բազմաթիվ վկայություններ ունի այն մասին, որ հարցերի իրավական ձեւակերպումները միայն հիմնավորում կամ էլ արձանագրում են ուժի գործադրմամբ ստեղծված իրողությունները: Երկրորդ՝ պատմագիտությունը նախեւառաջ գիտելիք է քաղաքականի մասին, քաղաքական վերլուծության դպրոց է, եւ ավելի ընդհանուր՝ կենդանի գիտելիք մարդու մասին, որն ի տաբերություն, օրինակ, իրավագիտության կամ բարոյականության, ուսումնասիրում է մարդուն այնպիսին ինչպիսին մարդն է՛ իր իրական դրսեւորումներում, այլ ոչ թե ինչպիսին նա պետք է լինի ըստ տեսական սահմանումների:
Այսինքն՝ պատմաբանն անհրաժեշտորեն իրապաշտ պետք է լինի, եւ կրողը լինի կենսական, այլ ոչ թե վերացական գիտելիքի մարդկային իրականության մասին: Իհարկե, խոսքը նրա մասին չէ, որ Կարեն Դեմիրճյանը հենց այս խոսքերով պետք է ձեւակերպեր իր մոտեցումը. տալիս ենք նրա հարցադրման մեջ թաքնված ընդհանուր զգացողության մե՛ր մեկնաբանությունը: Որպես գործիչ Դեմիրճյանը պարտավոր չէր տեսական հստակ ձեւակերպումներ տալ, բայց որպես իրական քաղաքականության մարդ, նա անշուշտ ճիշտ զգացողություն պետք է ձեռք բերած լիներ պատմական իրողությունների մասին:

Մի փոքր շեղում հիմնական շարադրանքից

Սակայն, Դեմիրճյանը, կարող էր չպատկերացնել, որ իր ուզած պատմագիտությունը ոչ միայն առանձնապես չի դասավանդվել իր իսկ ղեկավարած երկրի կրթական հաստատություններում, այդ թվում մասնագիտական ֆակուլտետներում, այլեւ ընդհանրապես որքան էլ զարմանալի է՝ ավելի բացառություն է, քան օրինաչափություն: Չնայած նրան, որ պատմագիտությունը պետք է լինի գերազանցապես քաղաքական գիտություն, եւ պետք է ենթադրաբար ձգի քաղաքական մտածողությանը հակված մարդկանց, բայց իրականությունն այն է, որ արդի պատմագիտությունը ձեւավորվել է ավելի շատ որպես «բանասիրության»՝ տեքստերի հետ աշխատանքի ճյուղավորում, քան քաղաքական գիտության:
Միշտ եղել են եւ կան բացառություններ՝ քաղաքագետ-պատմաբանի մշտական արխետիպն է, օրինակ, Թուկիդիդեսը, որի պատմությունն այսօր էլ կարդացվում է որպես արդիական, թարմ եւ «խռովիչ ճշմարտություններ» գիրք: Սակայն հնուց ի վեր գերակայող են եղել պատմաբանի այլ տիպերը՝ բանասերը, ժամանակագիրը, ճարտասանը եւ այլն, մոտավորապես այնքան, որքան պատմություններ պատմելու եղանակներ կան:
Քաղաքագետ պատմաբանը պետք է կարողանա ոչ միայն մտովի, այլեւ զգացումների մակարդակում վերականգնի իր հետազոտած ժամանակաշրջանը, վերապրի նրա մթնոլորտը, բացահայտի մարդկանց եւ խմբերի կենսական շահերը, նրանց իրական նպատակներն ու ձգտումները, իրավական, գաղափարական եւ այլ բառացի ձեւակերպումների հիմքում տեսնի հաճախ հակասական ու խճճված շահերի բախումներն ու փոխզիջումները: Սա առավել բարդ քրեական գործերով քննչի արյուն ու քրտինք պահանջող աշխատանք է՝ առանց երաշխավորված արդյունքի: Որքան ուժ՝ ջանք, կիրք, միտք ծախսել են ուսումնասիրման ենթակա պատմական կերպարներն իրենց գործունեութամբ, նույնքան էլ մոտավորապես պետք է ծախսի պատմաբանը՝ հասկանալու համար նրանց եւ նրանց ժամանակը:
Այս բարդ գործը փոխարինվում է բանասերի տեքստային վերլուծությամբ՝ համեմատվում են գրավոր վկայությունները, եւ հակասությունների դեպքում, որպես ճշմարտություն ընդունվում է «ոսկե միջինը»: Մինչ իրականության մեջ երկու հակասողների մեջ միջինը ճշմարտության չափանիշ չէ, եւ բոլոր վկայությունները կարող են հավասարապես ճիշտ կամ հավասարապես սխալ լինել: Բանասիրական մոտեցմամբ կենսական եւ կենսականի մասին գիտելիքից, պատմագիտությունը վերածվում է տառի, խոսքի, թղթի մասին գիտելիքի, չկապակցված դեպքերի ժամանակագրական հաջորդականության՝ առանց ներքին տրամաբանության, առանց ոգու, առանց մսի ու արյան:
«Բանասերը» հավատոմ է նրան, ինչ մարդիկ իրենք իրենց մասին պատմում են, կամ նրան ինչպես մարդիկ իրենք են նկարագրում եւ հիմնավորում իրենց գործողությունները: Այսինքն՝ նա գործ չունի իրական ուժի, իրական կյանքի, այլ միայն խոսքերի ու մակերեսի հետ: Բնական է, որ նման պատմագիտության գիտակցության դիմելն անհույս գործ է՝ թղթե պատմագիտությունը, պետք է քաղաքականության մեջ էլ թուղթ տեսնի: Պետք է ենթադրի, որ բավական է հռչակել մի բան, որպեսզի դա իրականություն դառնա:

Հիմնական հակասությունը

Պատմաբաններն, ասում է, Կարեն Դեմիրճյանը, պետք է իմանան, որ հարցերը սեսիայով չեն լուծվում: Նա, հակադրում է, ուրեմն, պատմությունը եւ սեսիան՝ իրավունքը, թուղթը: Նշանակում է, նրա տեսակետից պատմությունը ոչ թե թղթի եւ իրավունքի, այլ քաղաքականության եւ ուժի դրսեւորում է, իսկ պատմագիտությունը՝ գիտելիք ուժի դրսեւորումների, ուժային պայքարի մասին: Սա նույնպես ուղիղ չի ասվում, բայց ինքնին բխում է Դեմիրճյանի խոսքի կառուցվածքից, դրա ներքին հակադրություններից: Բայց, նա, թվում է, չգիտի, որ բացի իր պատկերացրած պատմագիտությունից, կա նաեւ թղթե պատմություն, որն ուսումնասիրում է, ոչ թե պատմականորեն դրսեւորված ուժերը, այլ համեմատում է իրար հետ թղթերը, եւ հենց պատմությունն էլ վերածում է թղթե շարադրանքի, վերլուծում է տառերն՝ առանց խորանալու դրանց հիմքում թաքնված եւ դրանց ստեղծած հոգու եւ կյանքի՝ ուժի մեջ: Դա «սեսիաների» պատմությունն է, որն այն պատրանքն է ստեղծում, թե մարդկային խմբերն իրենց նպատակներին են հասնում միայն ցանկություններով, հռչակագրերով, մաքուր գաղափարներով, գիտակցությամբ:
Համբարձում Գալստյանը, որին Դեմիրճյանը դիմում է որպես պատմաբան, լռում է, նա պատասխան չունի: Նշանակում է, նա հասկանում է, որ Հայաստանի ղեկավարը ճիշտ փաստարկ է բերում եւ տեղին է վկայակոչում պատմությունը: Ինչպես վերը նշել ենք, Գալստյան այստեղ հայտնվում է թույլ դիրքում: Բայց իրավիճակի բարդությունն ու հակասությունն այն է, որ եթե Դեմիրճյանը վկայակոչում է պատմությունը, ապա, Շարժումը, որն այս դեպքում ներկայացնում է Գալստյանը, հետագա 2 տարվա մեջ, իրագործո՛ւմ է պատմությունը, գործո՛ւմ է պատմության մեջ եւ հաջողության հասնում: Այսինքն, չնայած նա բառացի պատասխան չունի, բայց գործնականում նա պատասխանում է, եւ պատասխանում է այնպես, որ պատմականորեն ճիշտ է դուրս գալիս հենց Ղարաբաղյան Շարժումը, այլ ոչ թե Կարեն Դեմիրճյանը:
Ստացվում է, ուրեմն, նույնիսկ ավելի բարդ հակասություն՝ Դեմիրճյանը, որ վկայակոչում է պատմությունը, հակադրելով այն թղթին, հենց ինքն ի վերջո հայտնվում է թղթե պատմաբանի դերում, որովհետեւ իրական պատմությունն ապացուցում է, որ ուժը ոչ թե իր, այլ պատասխան չունեցող պատմաբան Գալստյանի եւ Շարժման կողմից էր, իսկ Դեմիրճյանի ասածը վերածվում է վերացական, թղթե փաստարկի իրական ուժի դեմ: Ինչպե՞ս է դա ստացվում: Առայժմ ձեւակերպենք միայն հարցը՝ չշտապելով պատասխանել դրան, բայց մտքի մեջ պահելով, որ իրողությունը, որը վերլուծում ենք, ավելի բարդ է, քան թվում էր առաջին հայացքից:

Շարունակությունը


Comments

Post a Comment